26-30 սեպտեմբերի

26 սեպտեմբերի

Երկուշաբթի

Կարդալ <Սպասում> պատմվածքը, կատարել առաջադրանքները։

Մուշեղ Գալշոյան. Սպասում 

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:

«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:

«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Հիշեց Բեռլինը:

 

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:

Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:

Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:

«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:

«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:

«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…

Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:

— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:

— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:

Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:

— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:

— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…

Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:

— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:

Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

 

Առաջադրանքներ 

1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

Վնգստալ — խղճալի ձայնով կաղկանձել

Գոցել —  փակել

Ապրուստ — ապրելակերպ

Ուսանել — սովորել

Մարկ — դրամական միավոր

Ֆրանկ — դրամական միավոր

Բախել — խփել, հարվածել

Նշմարել — նկատել

Շվարել  — շփոթվել, մոլորվել

Հուսախաբ — հույսը չիրականացված

Դեռատի — նոր հասունացող

Այր — տղամարդ

 

2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

Բարձրացրեց — բար — ձը — րաց — րե — ցի 

Գրպանները — գըր —  պան — ներ 

Վնգստում — վըն — գըս — տում 

Շրջադարձում — շըր — ջա — դար — ձում 

Սոված — սո — ված 

Խորքում — խոր — քում 

Շփեց  — շը — փեց 

Մարդու — մար — դու

Թատրոն — թատ —  րոն

Ջարդում — ջար — դում 

Մղում — մը — ղում 

Գրպանեց — գըր — պա — նեց 

Ցտեսություն  — ցը — տե — սութ  —  յուն 

 

3. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին: 

Կոմիտասը Մտածկոտ ,  բարի , հոգատար , համբերատար   առատաձեռն  ու մեծահոգի  անձնավորություն էր ։

4. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Դրամապանակը Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

5. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք: 

Ես նույն կերպ կվարվեի ` ինչպես Կոմիտաս վարդապետը։

6. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը: 

— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:

 

— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…

 

Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:

 

— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:

 

Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

7. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն համապատասխանում: 

Վնգստում — 7տառ  9 հնչյուն

Շվարեց — 6տ   7հ 

Շփեց — 4տ   5հ 

Մտածում — 6տ  7հ 

Շրջադարձ — 8տ  9հ 

Մղում  — 4տ  5հ 

Գրպան — 5տ 6հ 

Նվագահանդես — 11տ 12հ 

Ցտեսություն — 9տ   10հ 

27 Երեքշաբթի

 

Կատարել առաջադրանքները։

 

Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

 

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով ։ (թշերով, այտերով):

Հյուրը քթի տակ բարի  ժպտում  (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:

Առաջ բերեցին նրա  զտարյուն  (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:

Լքված նավը կամաց-կամաց  սուզվում  (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:

Նրա բոլոր հույսերը   խորտակվում  (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

 

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

 

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ —  մնացորդ — թափոն — թերմացք — թափթփուկ —  ավելցուկ

Ոստ —  շյուղ — շիվ   — ճյուղ

Մառան — նկուղ — շտեմարան

Կասկած —  տարակույս — տարակուսանք — երկմտություն

Նախատինք — պարսավանք — հանդիմանություն — կշտամբանք — անարգանք

 

Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

 

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում։

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա։

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար։

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց։

29 հինգշաբթի

Կարդալ տեքստը, կատարել առաջադրանքները։ 

Մ. Գալշյան. Ծիրանի ծառ (հատված)

  ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

 

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

 

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

 

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

 

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

 

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

 

Առավոտ լուսո,

Արեգակն արդար,

Առ իս լույս ծագյա։

Բխումն ի հորե,

Բխյալ ի հոգվույս,

Բան քեզ ի հաճույս։

 

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

 

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

 

Առաջադրանքներ

 

1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր: 

Գավիթի  սալահատակից  — քարահատակ բակ

Կոպեր — աչքի մաշկային կափարիչ

Կաշկանդվել — նեղվել

Ամենաձայնեղ — ամենաբարձր ձայն  ունեցող

Մանչ — տղա

Արտակարգ —  շատ լավ

Մեղապարտ —  հանցավոր

 

2. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր: 

Անլաց տխրություն — տխրություն ,  որը տարբերվում էր սովորական տխրությունից ,  հանգստացնող  տխրություն

Ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար — հոգնած էր , բայց ուրախ էր , որ իրեն են ընտրել

Տղաների արանքում տխրել էր լռությունը — տղաները տխրած էին , որ Կոմիտասը  գնալու է , և  չէին համարձակվում հարց տալ

Այրեցին ականջները —  ընկերոջ  ասած  բառերը  ցավ  պատճառեցին նրան

Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում — նա  վայելում  էր  բնությունը

 

3. Ո՞ւմ մասին էր ըստ քեզ պատմությունը:

Այս  պատմությունը  Սողոմոն  Սողոմոնյանի ( Կոմիտասի ) մասին էր ։

4. Տեքստի ո՞ր հատվածներից հասկացար, որ Կոմիտասն ուներ հրաշալի ձայն:

Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։

5. Ինչո՞ւ տղաները չէին ցանկանում, որ Սողոմոնը գնար: 

Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։

6. Գտիր և դուրս գրիր Կոմիտասի ծնողներին, տատին վերաբերող հատվածները: 

Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։

Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար։

7. Քո կարծիքով հայերեն բառերն ի՞նչ գույնի են:

Իմ կարծիքով  հայերեն  բառերը   գույնզգույն են   ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով