Բացահայտումների ամառ, հավեսի ամառ ” Հաղարծնի վանական համալիր”

Հաղարծինի վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 18կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է սաղարթախիտ անտառների մեջ, անմատչելի բարձունքի վրա։ Վանական համալիրի երկու կողմերում հոսում են Հաղարծին և Մեծ Աղբյուր գետակները։

Հաղարծինը կառուցվել է 10-13-րդ դարերում։ Վանական համալիրի հիմքը դրել են Բագրատունիները։ Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, երկու գավթից,սեղանատնից և աղոթարաններից։Ամենահինը վանքի Սբ․ Գրիգոր եկեղեցին է։ Այն խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Սբ․ Գրիգորին արևմուտքից կից է քառասյուն գավիթը, որը կառուցել է Իվանե Զաքարյանը 12-րդ դարում, իսկ հյուսիսից՝ Սբ․ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։ Գխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է, որը իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ։ Եկեղեցու դիմաց պահպանվել են ավերված գավթի մնացորդները։ Սբ․ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ պահել են սրբություններ օտարներից պաշտպանելու համար։ Վանքային համալիրը նաև գետնուղի ունի, որը տանում է դեպի գետը։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում վանքի սեղանատունը։ Սեղանատունը կառուցել է ճարտարապետ Մինասը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն դահլիճ, որը զույգ սյուներով բաժանված է երկու հավասար մասերի։ Սեղանատան դիմաց գտնվում են օժանդակ շինությունների ավերակեներ։ Դա հավանաբար եղել է խոհանոցը կամ հացատունը։

Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված մի գեղեցիկ առասպել կա։ Առասպելը պատմում է, որ երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, «արծին»՝ արծիվ։ Առասպելն իր պատկերավորումն է գտել հենց գլխավոր եկեղեցու արևելյան պատին։ Պատի վրա պատկերված են երկու հոգևորականներ, ովքեր իրենց ձեռքին բռնած պահում են եկեղեցու մանրակերտը, իսկ վերևում ճախրող արծիվն է։

1281թ․-ին կառուցած Սբ․ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի կա, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան։ Ավանդությունն ասում է, որ վանքը կառուցող վարպետը սովորություն է ունեցել կառուցած շենքերի կողքին ընկուզենի տնկել։ Ժամանակին այդ հրաշք ընկուզենին մեծանում էր վանքի հետ միասին, սակայն 2013թ․-ին անփութության պատճառով կանաչ գեղեցկուհին վառվեց։ Հնամենի ընկուզենու կողքին է գտնվում մի խաչքար, որը տարբերվում է մյուս բոլոր խաչքարերից։ Ի տարբերություն մյուս խաչքարերի, խաչի թևերը չեն ավարտվում, այլ շարունակվում են՝ ստեղծելով կրկնակի խաչ։ Կրկնակի խաչը խորհրդանշում է երկրորդ կյանքը։

13-րդ դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է։ Կաթսայի չորս կանթերն առյուծների արձանիկներ են։ Բրոնզաձույլ կաթսան այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում։

2005թ․-ին Հայաստան է գալիս Շարժայի շեյխը, որին պետական այրերը տանում են Հաղարծին։ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմիիին այնքան է հիացնում Հաղարծինի վանական համալիրը, որ նա որոշում է 5մլն դոլար տրամադրել վանքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։

 

Այստեղ ինձ դուր եկավ հնամենի ընկուզենին, որը մարդկանց անփութության պատճառով վառվել էր։

Մենք պետք է պահպանենք մեր երկրի հրաշալիքները։

Բացահայտումների ամառ, հավեսի ամառ “Գոշավանք “

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է. XII–XIII դարերում եղել է հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է 
ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին:
 
Գոշավանք (Նոր Գետիկ վանք) անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր: 
Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի  ճարտարապետը Մխիթար Հյուսնն է: 
1191–96 թթ-ին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արևելքից 2 կրկնահարկ խորաններով, արևմտյան և հյուսիսային մուտքերով: Արևելյան և հարավային որմերին եռանկյունաձև կտրվածքի հայկական խորշեր են, թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով: Արևմտյան ճակատին կից 1197–1203 թթ-ին կառուցվել է գավիթը՝ քառասյուն կենտրոնակազմ երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններին՝ երկհարկ խորաններով: Հարավում ավելի փոքր չափերով նույնատիպ Սբ Գրիգոր եկեղեցին է (կառուցումն ավարտվել է 1231/41 թ-ին), որի գմբեթը չի պահպանվել:  Գավթին հարավից գրեթե կից է Սբ Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ, արևելքից՝ անկյունային 2 խորաններով եկեղեցին (1237–41 թթ.), որն իր հարդարանքով միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է: Գավիթը թաղածածկ միջանցքով հաղորդակից է երկհարկ գրատուն-զանգակատանը: 
Գրատան առաջին հարկը (կառուցվել է մինչև 1241 թ.) եղել է փայտե ծածկով, որը 1291 թ-ին (ճարտարապետներ՝ Զաքիոս և Գրիգոր) փոխարինվել է 2 զույգ փոխհատվող կամարների վրա հենվող քարե ծածկով, կենտրոնում՝ երդիկավոր գմբեթի համակարգով: Երկրորդ հարկն արտաքուստ և ներքուստ խաչաձև տարածական հորինվածք է: Գրատուն-զանգակատունը արևմուտքից հաղորդակից է ժամատանը, որտեղ հավանաբար եղել է գրչության սրահ (պահպանվել է ստորին մասը): 
Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան:
Գոշավանքի համալիրի մոտակայքում են Սբ Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (կառուցվել է 1254 թ-ին), Մխիթար Գոշի բնակարանի, դամբարանի մնացորդները և այլն: 1937 թ-ին նորոգվել է Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թ-ին՝ Սբ Գրիգոր եկեղեցին, 1957–66 թթ-ին՝ Սբ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թ-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ-ին բարեկարգվել է վանքի տարածքը:
   Գոշավանքում կրթվել և գործել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի կրթամշակութային ավանդույթները:
Գոշավանքում շատ էին խաչքարերը,  մատուռները, և բոլորի վրա գրված էին թե որերորդ դարի են։

Բացահայտումների ամառ, հավեսի ամառ” Հայրավանք “

Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք անվանումներով, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան կողմում, Սևանա լճի առափնյա ժայռոտ հրվանդանի վրա: Այն IX-XII դդ. վանական համալիր է, որը բաղկացած է եկեղեցուց (Ս. Ստեփանոս) և գավիթից։

Ս. Ստեփանոս եկեղեցին (IX դ.) հայկական ճարտարապետության եզակի նմուշներից է: Այն քառաբսիդ է, ունի խաչաձև, կենտրոնագմբեթ հորինվածք` 6,15մ x 7,15մ ներքին առանցքային չափերով: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Արևմտյան մուտքը բացվում է գավիթի մեջ: Խորանները ներքուստ և արտաքուստ բոլորաձև են: Հարավ արևելյան կողմում կառուցված է մի ավանդատուն, որն հավանաբար հետագայում է ավելացվել: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, սակայն կամարները և ութանիստ թմբուկով գմբեթը սրբատաշ տուֆից են:

    Եկեղեցու արևմտյան մասում XII դարի վերջին կառուցվել է գավիթը: Ձորին մոտ լինելու և ժայռոտ տեղանքի անհարմարության պատճառով գավիթն ստիպված են եղել եկեղեցու առանցքից շեղել և փոքր-ինչ կողք տեղափոխել: Գավիթն ամբողջությամբ կառուցված է սրբատաշ քարերով: Արևելքից ավելացրած են երկհարկանի ավանդատներ: Կենտրոնում` երկու սյուների և երկու կիսասյուների վրա կանգնած է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթը՝ շարված սև և կարմիր շեղադիր քարերից: Գմբեթի բոլոր հիմնական տարրերը մշակվել են կատարյալ ձևով, և երբ երդիկից թափանցում է արևի ճառագայթը, լույսի և ստվերի խաղը անկրկնելի գեղեցկություն է հաղորդում նրան:

    Եկեղեցու և գավիթի պատերին արված են բազմաթիվ արձանագրություններ: Դրանցից ամենահինը 1211 թվականին է կատարվել: Արձանագրությունում ասվում է, որ եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու նրան արևմուտքից կից երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ կառուցել:

    Հայրավանքն ունի պարսպապատ փոքրիկ բակ, որտեղ կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, պարսպից դուրս խցերի ու տնտեսական շենքերի ավերակներն են: Համալիրի տարածքում պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի։ Հայտնաբերվել են վաղ և միջին բրոնզի դարին վերաբերող անոթների բեկորներ, կավե կուռք, բազմազան անոթներ, կրակարաններ և այլն։ Հիմքեր կան ենթադրելու, որ Հայրավանքի առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը, որը եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ, վերաբերում է նույն ժամանակաշրջանին: Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների նմուշներ։

    XIII դարում Հայրավանքը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել. 1211-ին Գեղարքունիք գավառի տեր, Զաքարյան իշխանների գործակից, սպարապետ Բուբայից` այգի Առինջում և ջրաղաց` Քանաքեռում, 1213-ին ոմն Համազասպից` այգի, Բեշքեն և Ինանիկ (Իվանե) Օրբելյան իշխաններից` Բերդ գյուղի հարկի մի մասը և այլն:

    Հայրավանքի վերաբերյալ մեզ է հասել մի գեղեցիկ ավանդապատում:

    Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, կոտորածը չտեսնելու համար, հրաշագործ մի խաչ ուսին կապած իրեն նետում է ջուրը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնցված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: Զարմացած Լենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից: Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք:

    Այս ավանդությունը գրի է առել կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցին, իսկ դեպքերը տեղի են ունեցել 1381-ին: Կաթողիկոսը նշում է, որ վանահայրն այդ հրաշքն իրագործել է Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ (խաչը հետագայում տեղափոխել են Սևանավանք):

    Հայրավանքը գործել է մինչև XIX դ.: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը` վերակառուցվել:

 

Հայրավանքում ինձ տպավորեց ավանդապատումը, որտեղ մարդիկ վերածվեցին աղավնիների և փրկվեցին սպանդից։

Իմ հոբբին

Ողջույն, ես  Սոսե Ժամհարյանն  եմ։

Սովորում  եմ ” Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի Արևմտյան Դպրոց — Պարտեզի`  արդեն 4.2 դասարանում։

Իմ հոբբին է պարը։ Ես պարում եմ” Նուռ Գեղագիտական պարային համույթում։

Մասնակցել եմ  տարբեր Համերգ — Փառատոնների, և ստացել  մրցանակներ։

Առանց պարի ես չեմ  կարող ։♥️♥️♥️