Կոտայքի մարզի տեսարժան վայրեր ” Գառնի “

Գառնու հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

 

 

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից: 301 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

 

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»: Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

 

Համալիրը կառուցվել է բարձր հրվանդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է բարձր ժայռերով, որոնք միանում են պարսպապատով:

 

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։

 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն:

 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով