Կոտայքի մարզի տեսարժան վայրեր ” Գեղարդի վանք “

Գեղարդի վանք

 

Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 1215 թ.:

 

Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։

 

 

Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։

 

Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է։ XIIIդ. ստեղծվել է վանքի հիմնական համալիրը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափերի խուցեր։

Գեղարդի շինարարական կյանքի երկրորդ, առավել կարևոր շրջանը սկսվել է XIIIդ. կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը։ Աշխարհի վիմափոր շինությունների մեջ Գեղարդը գրավում է առանձնակի տեղ։ Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր խուցեր։ Որոշ քարայրեր էլ ունեցել են նաև պաշտպանական նշանակության և կոչվել ժողովրդական հերոսների անուններով։

 

Ավանդույթներ

14-րդ դարի վերջին Հայաստանը ենթարկվում է միջինասիական զորավար Լենկթեմուրի արշավանքներին։ Լսած լինելով Գեղարդի վանքի հրաշագործությունների համբավը՝ Լենկթեմուրը որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեղարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ՝ գույնզգույն համազգեստներով, ամեն կողմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում, Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով՝ ետ է վերադառնում։

 

Գանձ-ադամանդ

Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետացել էր»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։

 

1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով