Մայրցամաքներ և աշխարհամասեր

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:

Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:

Երկրագնդի մայրցամաքները

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին։

Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:

Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։

Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:

Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:

Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:

Մայրցամաքները և աշխարհամասերը

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:

Աշխարհամասերը

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը:

Հարց

1. Ի՞նչ է մայրցամաքը, քանի՞ մայրցամաք կա։

Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:

 

Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:

 

Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

 

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

 

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

 

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

2. Քանի՞ աշխարհամաս կա և թվարկիր։

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով