Իմ բնակավայրը, իմ թաղամասը

Երևանյան Բանգլադեշ կամ Հարավ-արևմտյան թաղամասը

Ողջույն, ես Սոսե Ժամհարյանն եմ։ Ապրում եմ մի հրաշալի թաղամասում, որտեղ գտնվում է նաեւ իմ սիրելի դպրոցը։ Այժմ ձեզ կներկայացնեմ իմ Երևանյան Բանգլադեշի կամ Հարավ-արևմտյան թաղամասի մասին։

Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։ Երևանի այս թաղամասը ամեն ինչով նման է բոլոր հին ու նոր այլ թաղամասերին։ Ե՞րբ է կառուցվել այն։ Մենք այդպես էլ չկարողացանք գտնել մի ստույգ տարեթիվ, բայց 1970-ականները ամենանշանակալին էին այժմյան Բանգլադեշի համար։ Այն բաժանված է 7 ավելի փոքր թաղամասերի՝ Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4։  Այստեղ առաջին բնակելի տները եղել են հինգհարկանի, որոնք կանգուն են մինչ այսօր, բայց ժամանակի ընթացքում վեր են բարձրացել իննհարկանի` չիբուռաշկա կամ վրացական կոչվող շենքերը, հանդիպում են նաև տասներկու, տասնչորս, անգամ՝ տասնվեցհարկանի քարե հսկաներ։ Թաղամասը, բացի այդ բարձրահարկ հրաշք բնակելի շինություններից, ունի մի շարք տեղական հրաշալիքներ։ Թեկուզ հենց «Ամրոցը», «կալցեվոյը», Զորավար Անդրանիկի արձանը, և վերջապես՝ «Սուրբ Երրորդություն» եկեղեցին:

Սկսենք «Ամրոցից»։

Անդրանիկի փողոցի արևմտյան կողմում գտնվում է բոլորին հայտնի «Ամրոցը»։ Ժայռե իր գահից մեզ է նայում քարայծի արձանը, որ ոչ մի կապ չունի «Ամրոցի» նշանակության հետ, պարզապես այն դարձնում է ավելի խորհրդավոր։ Ասում են, որ այդ վայրում պետք է կառուցվեր մանկական խաղահրապարակ, այլ կերպ ասած` Հայկական Դիսնեյլենդ։ Սակայն տարիների շինարարական աշխատանքները սպանել են սկզբնական գաղափարը, և երկարամյա փոշու, կեղտի ու երկաթե ջարդոնների հավաքատեղի լինելուց հետո նրա մի մասն այժմ վերածվել է ավտոկայանատեղիի, մյուս մասը` ավտոլվացման կետի՝ «Բ1,Գորգերի ավտոմատացված լվացում» և «Car wash» ցուցանակներով։ Ամրոցից Անդրանիկի փողոցով վերև բարձրանալով՝ կարելի է տեսնել «կալցեվոյը»` զարդարված մաշտոցյան տառերով, սպիտակ կամարաշար անտիկ ճարտարապետության ոճով, որը հիշեցնում է հռոմեական քաղաքներից մեկի՝ Հերասսայի հրապարակը: Սակայն շատերի կարծիքով այն չի համապատասխանում թաղամասի ընդհանուր տեսքին։ Այստեղ են հատվում Անդրանիկի և Րաֆֆու փողոցները։ Վերջինը համարվում է Երևանի ամենալայն փողոցը։ Հենց այս խաչմերուկի մի անկյունում էլ վեր է խոյանում Զորավար Արդրանիկի արձանը, որի անունով երբեմն կոչում են Բանգլադեշ դարձած Հարավ-արևմտյան թաղամասը։ Ավագ սերնդի ներկայացուցիչները Բանգլադեշի կենսագրության մեջ հատկապես առանձնացնում են այն օրը, երբ զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից տեղափոխվել է հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն, որը, ի դեպ, գտնվում է Հարավ-արևմտյան թաղամասին շատ մոտ։ Ասում են՝ բոլոր բանգլադեշցիները ոգևորված էին այդ փաստով և հայտարարում էին, թե գնում են Անդրանիկ զորավարի թաղմանը: Զորավարի արձանն էլ դարձավ յուրօրինակ ժամադրվայր: Հանդիպում ենք Անդրանիկի արձանի մոտ: Եվ վերջապես, Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Եկեղեցու շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականին և ավարտվել 2005-ին, երբ կաթողիկոսը  կատարել է եկեղեցու օծման արարողությունը։ Նրա շրջանաձևն կառուցվածքի հիմքում 7-րդ դարի Զվարթնոցի հայտնի տաճարն է։

Խորհրդային տարիներին շատ ընտանիքների տուն են տվել, մեկին՝ որպես հիմնարկության աշխատողի, մյուսին` որպես փոխհատուցում՝ կենտրոնի նրանց քանդված բնակարանների դիմաց։

Եվ պապիկս էլ բացառություն չէր։ Արցախյան առաջին պատերազմում իր կատարած սխրանքների և քաջաբար մարտնչելու համար Հայաստանի Հանրապետության կողմից արժանացել է մի շարք կոչումների և որպես պարգևատրում ստացել երեք սենյականոց բնակարան Բանգլադեշում։

Մեզ արդեն հայտնի Անդրանիկի արձանից Սուրբ Երրորդություն եկեղեցի ընկած հատվածում գտնվում էր այժմյան Մալաթիայի շուկան, որտեղ մութ ու ցուրտ տարիներին մարդիկ վաճառում էին այն, ինչ ընկնում էր ձեռքները։ Ժամանակի ընթացքում շուկան տեղափոխվեց դեպի արևելք և զբաղեցրեց սովետական գոմերի տարածքը։ Երևանի որ անկյունում էլ լինեք, կարող եք հարցնել ցանկացած անցորդի, և նա կճանաչի Մալաթիայի շուկան։

Խորհրդային միության տարիներին կառուցվեց «Հայաստան» կինոթատրոնը, որը հայտնի էր մասնավորապես դասերից փախչող աշակերտների շրջանում։ Երկարատև անգործությունից հետո՝ 2015-ին, կինոթատրոնը կրկին բացեց իր դռները:

«Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ են գտնվում նաև շատրվանները: Դրանց կողքին տարածվում է կանաչապատ այգին, որտեղ կարելի է հանդիպել նշանավոր մարդկանց հուշարձաններ ու դիմանկարներ։ Երեկոյան ժամերին այստեղ խիստ մարդաշատ է. կարելի է տեսնել՝ ինչպես են զբոսնում, զրուցում, իրենց երեկոն անցկանցում ավագ և երիտասարդ բանգլադեշցիները:

Երևի քչերը գիտեն, որ մեր երկրում բացի երևանյան բանգլադեշից կա նաև մեկ ուրիշ Բանգլադեշ կոչվող թաղամաս, որը գտնվում է Վանաձորում:

Պարզվում է՝ ասիական պետության՝ Բանգլադեշի բնակչության թիվն ահռելի է՝ հասնում է 143 միլիոնի. զարմանալի զուգադիպություն՝ մեր երևանյան Բանգլադեշի բնակչությունն էլ 143 հազար է կազմում:

Ես շատ եմ սիրում իմ թաղամասը ☘️♥️

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով