Հաղարծինի վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 18կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է սաղարթախիտ անտառների մեջ, անմատչելի բարձունքի վրա։ Վանական համալիրի երկու կողմերում հոսում են Հաղարծին և Մեծ Աղբյուր գետակները։
Հաղարծինը կառուցվել է 10-13-րդ դարերում։ Վանական համալիրի հիմքը դրել են Բագրատունիները։ Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, երկու գավթից,սեղանատնից և աղոթարաններից։Ամենահինը վանքի Սբ․ Գրիգոր եկեղեցին է։ Այն խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Սբ․ Գրիգորին արևմուտքից կից է քառասյուն գավիթը, որը կառուցել է Իվանե Զաքարյանը 12-րդ դարում, իսկ հյուսիսից՝ Սբ․ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։ Գխավոր եկեղեցին Սբ․ Աստվածածինն է, որը իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ։ Եկեղեցու դիմաց պահպանվել են ավերված գավթի մնացորդները։ Սբ․ Աստվածածին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ պահել են սրբություններ օտարներից պաշտպանելու համար։ Վանքային համալիրը նաև գետնուղի ունի, որը տանում է դեպի գետը։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում վանքի սեղանատունը։ Սեղանատունը կառուցել է ճարտարապետ Մինասը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն դահլիճ, որը զույգ սյուներով բաժանված է երկու հավասար մասերի։ Սեղանատան դիմաց գտնվում են օժանդակ շինությունների ավերակեներ։ Դա հավանաբար եղել է խոհանոցը կամ հացատունը։
Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված մի գեղեցիկ առասպել կա։ Առասպելը պատմում է, որ երբ կատարել են վանքի օծման արարողությունը, այդ ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, «արծին»՝ արծիվ։ Առասպելն իր պատկերավորումն է գտել հենց գլխավոր եկեղեցու արևելյան պատին։ Պատի վրա պատկերված են երկու հոգևորականներ, ովքեր իրենց ձեռքին բռնած պահում են եկեղեցու մանրակերտը, իսկ վերևում ճախրող արծիվն է։
1281թ․-ին կառուցած Սբ․ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի կա, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան։ Ավանդությունն ասում է, որ վանքը կառուցող վարպետը սովորություն է ունեցել կառուցած շենքերի կողքին ընկուզենի տնկել։ Ժամանակին այդ հրաշք ընկուզենին մեծանում էր վանքի հետ միասին, սակայն 2013թ․-ին անփութության պատճառով կանաչ գեղեցկուհին վառվեց։ Հնամենի ընկուզենու կողքին է գտնվում մի խաչքար, որը տարբերվում է մյուս բոլոր խաչքարերից։ Ի տարբերություն մյուս խաչքարերի, խաչի թևերը չեն ավարտվում, այլ շարունակվում են՝ ստեղծելով կրկնակի խաչ։ Կրկնակի խաչը խորհրդանշում է երկրորդ կյանքը։
13-րդ դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է։ Կաթսայի չորս կանթերն առյուծների արձանիկներ են։ Բրոնզաձույլ կաթսան այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում։
2005թ․-ին Հայաստան է գալիս Շարժայի շեյխը, որին պետական այրերը տանում են Հաղարծին։ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմիիին այնքան է հիացնում Հաղարծինի վանական համալիրը, որ նա որոշում է 5մլն դոլար տրամադրել վանքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։
Այստեղ ինձ դուր եկավ հնամենի ընկուզենին, որը մարդկանց անփութության պատճառով վառվել էր։
Մենք պետք է պահպանենք մեր երկրի հրաշալիքները։