❤ ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ ❤

ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

  1. Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով