Ապարների զարմանահրաշ աշխարհում

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

 

Մետաղային օգտակար հանածոները ձուլում Են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից էերկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

 

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

 

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

 

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները: Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

 

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

 

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

 

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Առաջադրանք

 

1. Ընտրում եք որևէ օգտակար հանածո կամ ապար և կազմում հետազոտական աշխատանք: Հրապարակում բլոգում:

Մարմար

Մարմար, կուճ, (հունարեն՝ Μάρμαρο «փայլող քար»), միջին կարծրության մետամորֆիկ լեռնային քարատեսակ, որը կազմված է զուտ CaCO3 կալցիտից, որոշ տեսակներ՝ առավելապես դոլոմիտից։ Սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։

Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։

Հայաստանում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։ Հայաստանում մարմարի հաշվարկված պաշարները մի քանի մլն․ մ³ են։

Հայկական մարմարները գեղազարդիչ են, ունեն տեխնիկական և շինարարական բարձր հատկություններ։ Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսապատման համար) և քանդակագործության մեջ։ Մարմարի ալյուրն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով