Որոնողական աշխատանք հայրենագիտությունից “Ապարան “, “Գյովնդ պար

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 6-8 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։

 

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[3]։

 

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

 

Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։

 

Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թվականներին։ Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում «Հայգորգ» ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի և կարպետների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։

 

Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 %-ը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը՝ 415 հեկտար։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։

 

Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։

Գյոնդ

 

ԳՈւՆԴ,Գյոնդ, գովընդ, հայկական ժողովրդական մի շարք խմբապարերի ընդհանուր անվանումը։ Կատարելիս պարողները (երբեմն՝ չափազանց բազմաթիվ) դասավորվում են կողք-կողքի և շարժվում շատ դանդաղ (այս պատճառով հաճախ անվանվում է «ծանդըր»)։

«Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով։

Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։

 

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։ Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը։ Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն։

 

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհրդանշելով համայնքի ձգտումը դրականին[1]։

Պարի տևողությունը մեծ է։ Գյոնդի տարատեսակներն են՝ «ծանդըր գյոնդ», «ծանդըր գյոնդ կոտրոցի», «ծանդըր գյոնդ կոտրոցի ճկոտախաղ»։ Առաջին երկուսում պարողները միմյանց ձեռքերը բռնում են ափերով, վար իջեցրած, երրորդում արմունկները ծալում են տարբեր անկյուններով և բռնում ճկույթներից։ Մեծ դեր է խաղում ծնկների ծալելը՝ զանազան խորությամբ և ռիթմով (կոչվում է «կոտրոցի»)։ Ըստ շարժման հաջորդականության Գյոնդի կատարման ձևերից են՝ «երկու գնալ՝ մեկ դառնալ»-ը և «երկու գնալ՝ երկու դառնալ»-ը։

 

Գյոնդը պարում են նվագակցությամբ (զուռնա-դհոլ, պարկապզուկ, դուդուկ) կամ երգելով, երգում են երկու զույգ՝ թե տղա և թե աղջիկ, մի զույգը երգում է պարերգի տները, մյուսը՝ կրկնակները, վերջինը՝ նաև խմբով։ Պարի ընթացքում կարող են հաջորդափոխվել տարբեր պարերգեր։ Խոսքերը՝ հայերեն, երբեմն էլ՝ հայերի կողմից հորինված քրդերեն (բացառիկ՝ թուրքերեն), հնում վիպական էին, ապա դարձել են կենցաղային, քնարական, սիրային և այլն։ Գյոնդը ղեկավարում է շարքի սկզբում գտնվողը՝ «պար քաշողը», «պարագլուխը», ծայրինը կոչվում է «պոչ»։ Այս երկուսը պարելիս օգտագործում են խայտաբղետ թաշկինակ, որով «պար քաշողը» միևնույն ժամանակ ազդանշան է տալիս։ Տարբեր վայրերում Գյոնդը ունենում է այլ ու այլ անուններ (օրինակ՝ Ալաշկերտում՝ «դուրան պար»)։

Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում։

 

աջ ոտքը դրվում է դեպի աջ

ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)

աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ

ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)

ձախ ոտքը դրվում է դեպի ձախ

խաղում է աջ ոտքը